ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել, հայտնում է նրա պաշտպան Միքայել Շխիմյանը։
Նշենք, որ Համբարձումյանի պաշտպաններ Արթուր Պիվազյանը և Միքայել Շխիմյանը նախորդ դատական նիստին միջնորդլ էին՝ դադարեցնել քրեական հետապնդումը։
Շխիմյանը նշել է, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ Գոռ Համբարձումյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ էր գտնվում։ Նրա խափանման միջոցը փոխվել էր հուլիսի 8–ին, և նա ազատ էր արձակվել։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ևս անդրադարձել է եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստին։
«Եղբայրս արդարացվեց, հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Համբարձումյանը։
Նշենք, որ Գոռ Համբարձումյանը և ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։