Մաղթում եմ արգասաբեր աշխատանք. Փաշինյանը շնորհավորել է Թրասին` ՄԹ վարչապետ ընտրվելու առթիվ

էլիզաբեթ Թրաս. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի նախկին արտաքին գործերի նախարար էլիզաբեթ Թրասին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի, ինչպես նաև Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ, ինչպես նաև արգասաբեր աշխատանք, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարօրություն և հաջողություններ։
«Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ, ինչպես նաև շնորհիվ Ձեր՝ պետական կառավարման հարուստ փորձի, Միացյալ Թագավորությունը կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ Թրասի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ երկու երկրի բարգավաճման և բարեկամ ժողովուրդների բարօրության։
«Այս տարի հոբելյանական տարի է հայ-բրիտանական հարաբերություններում․ մենք տոնում ենք երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը նոր հանգրվան է փոխհարաբերություններն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար։ Այս 3 տասնամյակի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը և տնտեսական համագործակցությունը»,– նշված է վարչապետի ուղերձում։
Ըստ Փաշինյանի` երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում է սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն։
«Աստա Լա Վիստա, բեյբի՛». Ջոնսոնն այսպես է հրաժեշտ տվել խորհրդարանին
Նշենք, որ Թրասը հավաքել է 81,3 հազար ձայն՝ առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սուդակից, որը ստացել է 60,4 հազար ձայն:
Պահպանողականների առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածությունն առաջադրելու իրենց ցանկության մասին ի սկզբանե հայտարարել է 11 խորհրդարանական, վարչապետի աթոռի համար մրցավազքի ընթացքում նրանցից 9 դուրս են մնացել: Վերջին տուրում Լիզ Թրասի ու Ռիշի Սունակայի միջև հաղթողին ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնք այսօրվա դրությամբ մոտ 200 հազար են:
Քվեարկությունը տեղի է ունեցել փոստով և ավարտվել է սեպտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշում է կայացրել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից: Նա այս պաշտոնում 2019-ին փոխարինել էր Թերեզա Մեյին։