ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում են Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը։
Այցի շրջանակներում կայացել է հանդիպում նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:
Խորվաթիայի արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը։