Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ մահապարտ է պայթել այն պահին, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել վիզա ստանալու հավակնորդների անունները կարդալու համար: Այս մասին հայտնում է Reuters–ը` ոստիկանության հղումով։
Տեղական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ մինչև 20 մարդ զոհվել է և կան տուժածներ։
Մի քանի մարդու, որոնք նկարահանել են միջադեպի հետևանքները, ոստիկանություն են տարել, նրանց հեռախոսները խլել են:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Քաբուլում դիվանագիտական առաքելության դարպասների մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են ռուս դիվանագետն ու դեսպանատան պահակը։
«Թալիբների* թիկնազորը կրակել է մահապարտ ահաբեկչի վրա, որը մոտենում էր ռուսական դեսպանատանը։ Մահապարտի պայթեցումը տեղի է ունեցել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան դարպասների մոտ»,- հայտնում է Sputnik Աֆղանստանը։
Հյուպատոսական բաժնի մոտ հիմնականում աֆղան ուսանողներ էին, որոնք սպասում էին վիզայի համար փաստաթղթեր ներկայացնելու կամ այն ստանալու իրենց հերթին։
* «Թալիբան» շարժումն ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ:
Քաբուլում պայթյունը տեղի է ունեցել Դար-ուլ-Ամանի փողոցում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում։ Չհաստատված տվյալներով՝ հարձակումն ուղղված էր մի խումբ ուսանողների։
Sputnik Աֆղանստանի աղբյուրը պնդում է, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ պայթուցիկ սարքն ակտիվացրել է մարդկանց խմբի մեջ գտնվող մահապարտը։