Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ չէ Թուրքիայի հնարավոր միջնորդությանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցում

Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ կայցելի Անկարա և Ստամբուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային շարունակել ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում, Անկարան կարող է լավ ուղերձ հղել կողմերին: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր միջնորդությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի կարգավորման հարցում։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջնորդություն է առաջարկել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում:

«Թուրքիան, ինչպես նաև մեր մյուս գործընկերները, կոչված են համալրելու ՄԱԿ-ի ջանքերը։ Այս առումով հնարավոր է, որ Թուրքիան կարողանա լավ ուղերձ փոխանցել։ Ես այսօր կմեկնեմ Անկարա, հետո՝ Ստամբուլ, մենք այդ ամենը կքննարկենք... Թուրքիան ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում, ու մենք կոչ ենք անում շարունակել դա անել, դրական դերակատարություն ունենալ»,- ասել է Կոլոնան։

Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: