Աշտարակն այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարց առաջացներ. Դումանյանը` բուհերի տեղափոխման մասին

ԿԳՄՍ նախարարը նշում է, որ որոշել են Աշտարակում ակադեմիական քաղաք հիմնել` հաշվի առնելով այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքը որոշվել է հենց Աշտարակում կառուցել, քանի որ կառավարությունում այդպես են նպատակահարմար համարել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Հազար ու մի հարց կա, ու այս պահին վերջնական գրավոր ինչ–որ բան չկա` նախնական որոշումն է մեր, որ հենց Աշտարակ տեղափոխեն բուհերը։ Հաշվի է առնվել այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները... Աշտարակն այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարց առաջացներ»,–ասաց Դումանյանը։

Հարցին` եթե բուհերն Աշտարակ տեղափոխվեն, կապահովվի՞ կրթության այն որակը, որ մարդիկ, անտեսելով ճանապարհը, գնան այնտեղ կրթություն ստանալու, նախարարը պատասխանեց, որ կապահովեն այնքան, որքան կարող են։ Դումանյանը հավելեց, որ, իհարկե, կարող են ապահովել կրթության բարձր որակ Աշտարակում, քանի որ կրթության որակը տարածքով չէ որոշվում։
Իսկ թե երբ են նախատեսում բուհերը տեղափոխել Աշտարակ` նախարարը նշեց, որ հստակ ժամկետներ չկան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ գործադիր իշխանությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի, որոնք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին և ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։