ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, պարտվել է Սինքֆիլդի գավաթի խաղարկության երրորդ տուրում. այն Grand Chess Tour շախմատային սերիայի հինգերորդ փուլն է: Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։
Հայ շախմատիստը 38-րդ քայլում սևերով պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջային: Երեք տուրից հետո Արոնյանը 1 միավորով կիսում է 8-10-րդ տեղերը:
Մրցաշարում միանձնյա առաջատարի դիրքը գրավել է ամերիկացի Հանս Նիմանը, որը սևերով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Ամերիկացու ակտիվում 3-ից 2,5-ն է։ Մաքուր երկրորդ տեղում մեկ այլ ամերիկացի է՝ Ուեսլի Սոն է, որը պարտության է մատնել հայրենակից Ֆաբիանո Կարուանային ու 2 միավոր վաստակել:
Նշենք, որ բացի Լևոն Արոնյանից, հինգերորդ փուլում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար, հաղթողը կստանա 100 000 դոլար: