ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում` Մայիսյան–Մեծամոր ավտոճանապարհին իրար են բախվել Ford Transit և Howo մակնիշի բեռնատարները, ինչի հետևանքով 1 զոհ կա և 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, ժամը 18։50-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ և «Մեծամոր» ԲԿ։ Նրանցից մեկը մահացել է։ Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վիրավորներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,– նշված է կայքում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1996 թ․) և «Howo» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների բեռնատարները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ի. Մ.-ին (ծնված 2004 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 2005 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Ի. Մ․-ն մահացել է։