ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը և արդեն իսկ հեռացել է Մոսկվայից։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ–ում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։
«Մինչ Սալիվանի փոխարինողի ժամանումը Մոսկվայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը»,– ասված է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Դեսպան Ջոն Սալիվանի մեկնումից հետո Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի նվազման մասին խոսք չի գնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ռոտացիայի փուլերն ու ընթացակարգերը մենք չենք մեկնաբանում»,– ասել է գործակալության աղբյուրը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Մոսկվայից արդեն ագրեման խնդրել է նոր դեսպանի համար։
Սալիվանը ՌԴ–ում դեսպան էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին, այդ պաշտոնում աշխատել է մոտ 3 տարի։ Հեռանալուց հետո նա ավարտում է 40-ամյա կարիերան պետական ծառայությունում։