ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թբիլիսիում չեղարկվել են արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տոմսերի վաճառքի ծառայությամբ զբաղվող Biletebi.ge ծառայությանը, որը բաց նամակ է հղել Վրաստանի մշակույթի նախարարությանը։
Արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում։
«Օրերս հայտնի դարձավ, որ, չնայած հազարավոր տոմսերի վաճառքին, երեք համերգների կազմակերպիչներին մերժել են միջոցառման անցկացումը տվյալ դահլիճում։ Պաշտոնական պատճառը վերանորոգման աշխատանքներ են։ Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է եկամուտներից և իր հեղինակությունը վնասելու քայլեր է անում։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական համատեքստում»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ չեղարկում են այն արտիստների ելույթները, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինային և որոնց աջակցում են ուկրաինացիները։ Ընկերությունը համոզված է, որ այս չեղարկումը միակը չի լինի։