ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի արհմիությունների տանը հրաժեշտ են տալիս ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի մասին չի հաջողվել ներկա գտնվել արարողությանը. շատերի, այդ թվում ՝ արտասահմանյան և դաշնային խոշոր պարբերականների ներկայացուցիչների անունները չեն եղել հավատարմագրման ցուցակներում, մինչդեռ բոլոր լրագրողները իրենց անձնագրային տվյալները, press-քարտերի պատճեններն ու լուսանկարները նախապես ուղարկել են հրաժեշտի արարողության կազմակերպիչներին: Այն լրագրողները, որոնց անունները չեն եղել ցուցակներում, մնացել են փողոցում։
Արարողության մեկնարկի պահին փողոցում կանգնած լրագրողներին ասել են, որ լրացուցիչ հավատարմագրային ցուցակներ այդպես էլ չեն կազմվել, և առաջարկել են, որ իրենք որոշեն՝ շարունակեն սպասել, թե հեռանան։
Հրաժեշտի արարողությունից հետո Գորբաչովին կհուղարկավորեն Նովոդևիչիե գերեզմանատանը:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին։ Նա 91 տարեկան էր: