ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհն այսօր առավոտյան մարել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
«Այսօր արդեն ծուխ չէր երևում, կրակը մարվել է»,–ասաց նա։
Ասատրյանը հավելեց, որ տեղացիներից որևէ մեկը նյութական վնաս չի կրել, քանի որ հրդեհի տարածքին մոտ գտնվող խոտի հակերը դուրս են բերել տեղանքից։
Հիշեցնենք` երեկ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գյուղի մոտակա սարում մի քանի օր առաջ բռնկված հրդեհի պատճառն ադրբեջանցիներն են, որոնք անվադողեր են այրել ու գլորել ձորը։ Նա նշել էր, որ քամին հակառակ ուղղությամբ է փչում ու կրակը տանում է հիմնականում դեպի այն կողմ, որը թշնամու վերահսկողության տակ է, չնայած դրան` ադրբեջանցիները ոչինչ չեն անում հրդեհը մարելու համար։