Պատերազմը շատերին բաժանեց, բայց նաև շատերին միացրեց։ Մեսրոպն ու Անին, որոնք այսօր միասին իրենց ապագա տունն են վերանորոգում, երևի երբեք էլ չհանդիպեին, եթե Մեսրոպը հոր վրեժը լուծելու համար Հայաստան չվերադառնար ու չկամավորագրվեր։
Մեսրոպ Սարիբեկյանը ցույց է տալիս Արցախյան 1-ին պատերազմում անհետ կորած հոր նկարը։
© Sputnik / Asatur Yesayants
Պատերազմը Սարիբեկյանների ընտանիքում
Մեսրոպի հայրն Արցախյան շարժմանը 1988-ից էր միացել։ Սկզբում տասնյակ հազարավորների նման բռունցք էր բարձրացրել Ազատության հրապարակում, ապա կամավորագրվել ու մեկնել Արցախ։ 1992 թվականի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի հանձնման օրը, 37-ամյա Հակոբ Սարիբեկյանն անհետ կորավ։ Տիկին Լաուրան մենակ մնաց 2 որդիների ու դստեր հետ։ Ամուսնու լուսանկարին նայելիս արցունքները չի կարողանում զսպել անգամ 30 տարի անց։ Գերեզման չունի. կինը մինչև հիմա սպասում է, որ հրաշք է լինելու, ու նա տուն է վերադառնալու։
Լաուրա Սարիբեկյանը ցույց է տալիս Արցախյան 1-ին պատերազմում անհետ կորած ամուսնու նկարը։
© Sputnik / Asatur Yesayants
Հանգամանքների բերումով տարիներ առաջ ընտանիքը ՌԴ-ի Ստավրոպոլ տեղափոխվեց։ Այստեղ Մեսրոպը զբաղվում էր շինարարական աշխատանքներով։ 44-օրյա պատերազմի առաջին հենց օրը որոշեց Հայաստան գալ։
«Հարսիս հետ պահեցինք զինգրքույկը․ ահագին կռիվ, վեճ, ինչ արեցինք, չեղավ, ասաց՝ գնում եմ»,- պատմում է տիկին Լաուրան։
Հրազդանում էլ քույրն անձնագիրը պահեց ու հրաժարվեց վերադարձնել։ Հոկտեմբերի 4-ին Մեսրոպն առանց զինգրքույկի ու անձնագրի Հրազդանի զինկոմիսարիատ ներկայացավ, որտեղ առանց փաստաթղթերի հրաժարվեցին ցուցակագրել։ Այդ օրերին, երբ շատերը փորձում էին ամեն կերպ խուսափել Արցախ մեկնելուց, Մեսրոպը ծանոթ-բարեկամ էր որոնում, որ իրեն պատերազմ տանեն։ Ի վերջո ստացվեց` իր անունն էլ կարդացին։ Հոկտեմբերի 8-ին Հադրութ հասավ։
«Էն դիրքը, որ մենք էինք պահում, ահագին հանգիստ էր։ Կողքերը միշտ լուսադեմին կռիվը սկսվում էր, ասում էինք՝ էս ինչ բան է, եկել ենք, որ մի բան անենք, բայց մեզ մոտ բան չի կատարվում»,- հիշում է Մեսրոպը։
Հոկտեմբերի 15-ին իրավիճակը փոխվեց։ Շրջափակման մեջ հայտնվեցին։ Ռադիոկապ չունեին (ռադիոկապի մարտկոցները լիցքաթափվել էին), այդ պատճառով էլ չէին կարողացել ժամանակին իմանալ, որ հարևան դիրքերում զոհեր կան, նահանջի հրաման է տրվել և այլն։
«8 հոգով էինք, տեսա, որ կողքի դիրքից թուրքերն իրենք իջնում են, տղերքին ասացի՝ չկրակեք։ Երևի էդ պահին ռազմական գիտելիքներն իրենք իրենց են գալիս։ Թուրքերը շատ էին, հասկացա, որ կրակենք` մեր տեղն ենք ցույց տալու, 8-ով էդ զորքի դեմ բան չէինք կարողանալու անել։ 90-ականների պատերազմի մասնակից Անդո ունեինք, ասացի՝ արի թիկունք գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Մի քիչ գնացինք, հասկացա, որ մի մագազինով ենք գնացել, ասեցի՝ դու մի քիչ գնա, ես հետ գնամ, էլի մագազին բերեմ։ Հետ եկա, տեսա, որ թուրքերն Անդոյին բռնել են։ Ես մինչև էդ թուրք ոչ տեսել էի, ոչ խփել էի, առաջին շանսն էր, որ վրեժս լուծեի։ Փորսուղ գնացի մի 50-60 մետր, խփեցի երկու թուրքին, Անդոյի հետ փախանք։ Հետևներիցս կրակում էին․․․»։
Մեսրոպ Սարիբեկյան
© Sputnik / Asatur Yesayants
Դիրքում մնացած ընկերների հետևից գնացին, ու 8 հոգով մի կերպ դուրս եկան շրջափակումից։ Ասում է՝ ճանապարհին հաճախ էր հիշում մոր խոսքերը` ինչ կանես-չես անի, մենակ թե գերի չընկնես։ Ընկերներին էլ զգուշացրել էր. «Եթե տեսնեք՝ ինձ տանում են, կխփեք»։ Պատերազմում Մեսրոպի հաջորդ կանգառները Բալուջայի, Քարինտակի մոտ էին, որտեղ էլ ոտքից հրազենային վիրավորում ստացավ նոյեմբերի 4-ին։
Մեսրոպ Սարիբեկյան
© Sputnik / Asatur Yesayants
«Նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոցում իմացա․․․ Տղա եմ, բայց արցունքներով լացում էի. էդքան տղերքը, էդքան արյուն թափեցինք...»։
Պատերազմից հետո կյանքը փոխվեց
Մի քանի վիրահատություններից հետո Մեսրոպին վերականգնողական բուժում էր սպասում Զինվորի տանը։ Այստեղ էլ ծրագրի շրջանակում հնարավորություն ստացավ նոր մասնագիտություն ձեռք բերելու։ Ոտքի վնասվածքի պատճառով շինարարությամբ զբաղվել այլևս չէր կարող, և քանի որ միշտ սիրել է հեռախոսով լուսանկարներ անել, որոշեց հենց լուսանկարչությունն էլ ընտրել։ Սովորեց, ու հիմա պաշտոնապես Զինվորի տան լուսանկարիչն է։
Պատերազմը Մեսրոպի կյանքը փոխեց բառի բուն իմաստով։ Գլխավոր փոփոխությունն Անին բերեց։
Անի Ապրեսյան
© Sputnik / Asatur Yesayants
«Մի անգամ բանաստեղծություն էի գրել՝ «Չծնված որդուս»։ Իմաստն այն էր, որ որդուս ասում էի՝ հիմա քո հայրը կռվի դաշտում է, եթե չգա, ուրեմն որբացար»,- սկսում է Անին։
Աղջիկը սահմանամերձ Ճամբարակից է։ Պատերազմը նրանց ընտանիքն էլ չի շրջանցել․ հայրն ու հորեղբայրը մասնակցել են 90-ականների պատերազմին, հորեղբայրը զոհվել է։
«Ապրիլյանին ես կամավորագրվեցի։ Այն ժամանակ Բժշկականում էի սովորում, պետք է արդեն մեկնեի` հրադադար եղավ։ Որոշեցի՝ մի բան պետք է անեմ, ամեն վիրավոր եղբոր նման է։ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների» ՀԿ կա, սկսեցի իրենց հետ կամավոր աշխատել որպես խմբագիր, ապա նաև լուսանկարիչ։ Ինձ բոլորն «Ապրիլյանի Անի» էին ասում, անգամ հեռախոսներում համարս էդպես էլ գրված է։ Այս պատերազմին հորեղբորս տղան զոհվեց, միակ սփոփանքս վիրավոր տղաներին ինչ-որ բանով օգնելն էր դարձել»,- պատմում է Անին։
Օրերից մի օր Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Հայկ Թորոսյանը Անիին ծանոթացրեց Մեսրոպի հետ։
Մեսրոպ Սարիբեկյանն ու Անի Ապրեսյանը
© Sputnik / Asatur Yesayants
«Երբ ասում էի՝ վիրավոր բոլոր զինվորներն իմ եղբայրներն են, ասում էր՝ իմ մասին էդպես մի՛ ասա, որովհետև կարող է ես քո ամուսինը դառնամ»,- ժպտալով հիշում է Անին։
Մեսրոպ Սարիբեկյանն ու Անի Ապրեսյանը
© Sputnik / Asatur Yesayants
Երբեմն կատակներն իրականություն են դառնում․ ծանոթացան, որոշ ժամանակ անց սկսեցին շփվել, հետո որոշեցին ամուսնանալ։ Սեպտեմբերի 17-ին Զինվորի տանը հերթական տոնն է լինելու։ Հարսանիքը հենց այնտեղից է սկսվելու. փեսան Զինվորի տնից է գնալու հարսի հետևից, պսակադրվելու են Եռաբլուրի եկեղեցում։
«Ասում եմ՝ Անի ջան, իմացի՛ր, որ վաղը-մյուս օրը կռիվ-մռիվ չանես. պատերազմ եղավ` գնալու եմ։ Ասում է՝ որ չգնաս, չեմ ուզի քեզ»,- ծիծաղելով պատմում է Մեսրոպը։
Պատերազմից հետո շատերը որոշեցին այլ երկրներում իրենց ապագան կառուցել։ Այս ընտանիքում լրիվ հակառակն է. ոչ միայն Մեսրոպը որոշեց Ստավրոպոլ չվերադառնալ, այլև հայրենադարձվեց մայրը, հետո նաև եղբոր ընտանիքը։
Մեսրոպ Սարիբեկյանը հարսնացուի` Անիի, մոր` Լաուրայի ու եղբոր որդու` Էդգարի հետ
© Sputnik / Asatur Yesayants