Նիկոլաևի հիվանդանոցներն ու դիահերձարանները լեփ-լեցուն են. Սնիգիրյովկայի քաղաքապետ

Նիկոլաևո-Կրիվորոժսկի և այլ ուղղություններով անհաջող հարձակումների հետևանքներն ուկրաինական բանակի համար ծանր են դարձել։
Sputnik
Ավելի քան 2 հազար ուկրաինացի զինվորականներ են տեղափոխվել Նիկոլաևի հոսպիտալներ և հիվանդանոցներ, քաղաքի դիահերձարանները լիքն են ուկրաինական զորքերի հակահարձակման ձախողված փորձից հետո: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Նիկոլաևի մարզի Սնիգիրյովկա քաղաքի վարչակազմի ղեկավար Յուրի Բարբաշովը՝ վկայակոչելով բուժհաստատություններում իրավիճակին տեղյակ աղբյուրներին:
«Այժմ հսկայական խնդիրներ են ունենում դոնորական արյան, մաքուր ջրի և այդ վիրավորների բուժօգնության ապահովման հետ, որոնք ընդունվել են Նիկոլաև»,– հավելել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։
Նա ընդգծել է, որ հարձակման փորձ եղել է նաև Սնիգիրյովկայի շրջանում։
«Այդ գրոհը, ամենայն հավանականությամբ, շեղող բնույթ էր կրում. հիմնական հարվածը հասցվել էր մի փոքր հյուսիս։ Դե, մի քանի տեղամասերում Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել, Սնիգիրյովկայի ուղղությունն ամենագլխավորը չի եղել: Այդ հարձակումների հետևանքները շատ ծանր են եղել Ուկրաինայի ԶՈւ–ի համար։ Որքանով ինձ հայտնի է, Նիկոլաևի ՆԳՆ–ի հոսպիտալ է տեղափոխվել մոտ 400 վիրավոր, նույն իրավիճակն է շտապօգնության հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ` Նիկոլաևի տարբեր հիվանդանոցներ ու հոսպիտալներ են տեղափոխվել ավելի քան երկու հազար վիրավոր»,–հստակեցրել է քաղաքապետը։
Խոցվել է ամերիկյան HARM հրթիռներին հարմարեցված ՄիԳ-29. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը հետ են մղել Ուկրաինայի հարավում Վլադիմիր Զելենսկու հրահանգով սկսված գրոհը, Ուկրաինայի ԶՈւ–ի ավելի քան 2 հազար զինծառայող է զոհվել:
Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Նիկոլաևի շրջանի մի մասի նկատմամբ, այդ թվում ազատագրվել է Սնիգիրյովկայի շրջանը: Ռուսական ուժերի վերահսկողության տակ վերցված բնակավայրերը փոխանցվել են Խերսոնի շրջանի վարչակազմի ենթակայությանը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Խերսոնի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրյոմոուսովը, մարդկանց օգնում են նպաստների և կենսաթոշակների վճարմամբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։