Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր

«Մոսկվայի օրեր» Երևանում
Իսահակյանի անվան գրադարանում կկայանա դասախոսությունների շարք, Մոսկվայի տանը ռուսական խոհանոցի փառատոն կանցկացվի: Տեղի կունենան նաև սուսերամարտի մրցումներ (որին կմասնակցի Յանա Եգորյանը), շաշկու, շախմատի, հնարավոր է՝ նաև հոկեյի մրցաշարեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում կանցկացվեն շախմատի և հոկեյի մրցաշարեր: «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Մոսկվայի տուն» մշակութային և գործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Ռուսաստանի մայրաքաղաքի հիմնադրման 875-ամյակի կապակցությամբ Հայաստանի դպրոցներում Մոսկվայի անկյուններ կբացվեն, առաջինը` սեպտեմբերի 5-ին Պուշկինի անվան դպրոցում, այնուհետև՝ հանրապետության այլ դպրոցներում։ Իսահակյանի անվան գրադարանում Ռուսաստանի և Մոսկվայի մասին դասախոսությունների շարք կկայանա: Իսկ սեպտեմբերի 10-ին` ժամը 17-ին, Մոսկվայի տանը կբացվի Ռուսական աշխարհագրական ընկերության լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքին:
Հայաստանը և Ռուսաստանը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
Սեպտեմբերի 15-ին Երևանի Իսահակյանի անվան գրադարանի Ռուսական կենտրոնում (Տիգրան Մեծի պողոտա) կներկայացվի «Հրեշը և կոնֆետը» մանկական գիրքը, որի հեղինակը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն է։
Միջոցառումների շրջանակում «Մոսկվայի տան» բեմում հանդես կգան նաև Հայաստանի մարզերի ստեղծագործական կոլեկտիվները:
«Սեպտեմբերի 12-ին Հրազդան քաղաքում մենք կբացենք թվով 8-րդ ռուսական կենտրոնը, որտեղ, ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ ենք անցկացնելու»,-հայտնեց Կարապետյանը:
Նախատեսվում է նաև ռուսական խոհանոցի փառատոն անցկացնել «Մոսկվայի տանը»։
Տեղի կունենան նաև մի քանի մարզական միջոցառումներ։ Սուսերամարտի մանկապատանեկան մրցաշարի շրջանակում Հայաստան կժամանի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը:
Ծրագրում են նաև հոկեյի մրցաշար անցկացնել, որին մասնակցելու համար Ռուսաստանից կժամանեն մի քանի սիրողական թիմեր, այդ թվում՝ Մոսկվայի կառավարության թիմը։
Կանցկացվեն նաև շախմատի և շաշկու մրցաշարեր, որոնք ավանդական են դարձել։ Միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ շախմատի մրցաշարում հանդես կգան առաջատար հայ խաղացողներ, այդ թվում՝ Հայաստանի շախմատի հավաքականի (որը օլիմպիական վերջին խաղերում երկրորդ տեղն է զբաղեցրել) անդամները։
Լպուտյանի խոսքով՝ մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ միջազգային վարպետների և գրոսմայստերների մասնակցությամբ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները հանդես կգան երկրորդ փուլում:
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը