ՌԱԴԻՈ

Սեփականություն ունեցող մարդկանց սպասելիքները մեծ են, նրանք գները չեն իջեցնում. փորձագետ

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացներին։
Sputnik
Թեև ռուս–ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո դեպի Հայաստան այցելությունների առաջնային շոկի էֆեկտն անցել է, բայցևայնպես տների ու բնակարանների վարձակալական շուկայում մեծ պահանջարկը դեռ պահպանվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մերի Հովսեփյանը։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2022թ.-ի հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17 հազար 188 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 10.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 1.8%-ով:
«Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացների թվային պատկերը վկայում է, որ իրականացված գործարքների քանակը հուլիսին փոքր–ինչ նվազել է, սակայն գները շարունակում են բարձրանալ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկայում հիմնական միտումները կպահպանվեն նաև սեպտեմբերին։ Հայաստանում արդեն իսկ գործող հյուրանոցների 70 տոկոսից ավելին զբաղված են, և միայն հոկտեմբերից սկսած հնարավոր է, որ պահանջարկն աստիճանաբար նվազի»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են, բայց տների ու բնակարանների գները շարունակում են բարձրանալ, Հովսեփյանն ընգծեց, որ տվյալ շուկայում գերտաքացման ռիսկեր կան, ինչը պայմանավորված է պահանջարկի կտրուկ ավելացաման ֆոնին անշարժ գույք տնօրինող քաքաղաքացիների վարքագծով։
«Սեփականություն ունեցող մարդկանց սպասելիքները մեծ են, այդ պատճառով էլ նրանք նույնիսկ անշարժ գույքին առնչվող ընդհանուր գործարքների նվազման պարագայում գները չեն իջեցնում։ Մյուս կողմից գնագոյացման վրա ազդեցություն են ունենում շինարարության աճի երկնիշ ցուցանիշները, ինչպես նաև բնակարանների նորոգման և սպասարկման ծառայությունների ոլորտում առկա գնաճը։ Տվյալ երկու գործոնների համադրությամբ ստանում ենք առկա պատկերը»,– նշեց տնտեսագետը։
Անշարժ գույքի շուկայում ռիսկերը նվազեցնելու համար նախընտրում են վճարման անկանխիկ եղանակը
Հովսեփյանի կարծիքով` անշարժ գույքի շուկայում գրանցված ակտիվությունը պայմանավորված է նաև եկամտային հարկի հետվերադաձի մասին օրենքի կիրառմամբ։ Ըստ նրա` Հայաստանում նկատելի է նաև կենտրոնացվածության բաշխում, այսինքն` մայրաքաղաքում առկա ակտիվությունը աստիճանաբար տեղափոխվում է մարզեր։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ վարձակալությունների 25 տոկոսը բաժին է ընկել մարզերի քաղաքային բնակավայրերին, մյուս 25 տոկոսը` գյուղական բնակավայրերին։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2022թ․-ի հուլիսին, 1 քառ. մետրի հաշվարկով, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները Երևանում նախորդ ամսվա համեմատ աճել են 0.2%-ով, իսկ 2021թ․-ի նույն ամսվա համեմատ՝ ավելի քան 16%-ով: