Ադրբեջանցիներն անվադողեր են այրել ու գլորել ձորը. Նորաբակի հրդեհը մարել չի հաջողվում

Հրշեջ–փրկարարներն այդ տարածքին մոտենալ չեն կարող. վտանգավոր է, քանի որ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհի պատճառն ադրբեջանցիներն են, որոնք անվադողեր են այրել ու գլորել ձորը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզի Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Նրա խոսքով` երեկվանից չի հաջողվում հրդեհը մարել։

«Հրդեհը բռնկվել է ադրբեջանցիների դիրքերի մոտից 4 օր առաջ` գիշերվա ժամը 12-ին։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչպես են անվադողերը վառում ու գլորում ձորը»,–ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով` քամին հակառակ ուղղությամբ է փչում ու կրակը տանում է հիմնականում դեպի այն կողմ, որը թշնամու վերահսկողության տակ է։ Չնայած դրան, նրանք ոչինչ չեն անում հրդեհը մարելու ուղղությամբ։

«Այսինքն՝ հանգցնելու հնարավորություն չկա։ Մեր հրշեջ-փրկարարներն ուղղակի այդ տարածքին մոտենալ չեն կարող` վտանգավոր է։ Կրակը դեպի գյուղ պետք է գա, որ հնարավոր լինի ինչ–որ բան անել»,-ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով՝ այդ հատվածին կից խոտհարքերից չեն հասցրել խոտն ամբողջությամբ հնձել, և եթե կրակը հասնի խոտին, գյուղացիները դրանից էլ կզրկվեն։
Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում։ Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։