Վեդիում ընդհարում է եղել հայերի ու թուրք զբոսաշրջիկների միջև. տեսանյութ

Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ինչ–որ օտարերկրացիներ կան ու ինչ–որ միջադեպ կա ժողովրդի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու օտարերկրացիների միջև միջադեպ է գրանցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով Վեդիում թուրք զբոսաշրջիկների ու տեղի բնակչության միջև տեղի ունեցած ընդհարման մասին լուրերը։
«Բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ինչ–որ օտարարկրացիներ կան ու ինչ–որ միջադեպ է տեղի ունենում ժողովրդի հետ։ Ահազանգով մեկնել են դեպքի վայր։ Այնտեղից մասնակիցներին բերման են ենթարկել բաժին։ Ստեղծված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,– ասացին ոստիկանությունից։
Հարցին, թե որ երկրի քաղաքացիներ են եղել բերման ենթարկված անձինք, ոստիկանությունում չպատասխանեցին` խորհուրդ տալով այդ հարցով դիմել ՔԿ։
ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ միջադեպի մասնակից օտարերկրացիները Թուրքիայի քաղաքացիներ են։