ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ Զինված ուժերի անձնակազմը Էներգոդարի Զապորոժիեի ԱԷԿ-ում
Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նախաշեմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի Sputnik. ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի սահմաններում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կանխել են Զապորոժիեի ԱԷԿ-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վոդյանոյե բնակավայրի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի մարտավարական դեսանտի իջեցումը Նիկոպոլից դուրս եկած երկու ինքնագնաց լաստանավերից։ ՌԴ ԶՈւ-ի բացած կրակի արդյունքում Ուկրաինայի ԶՈւ-ի մարտավարական դեսանտով երկու ինքնագնաց լաստանավերը խորտակվել են»,-հայտնել են գերատեսչությունից։

Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ կիևյան ռեժիմի սադրանքն ուղղված է Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի այցը ձախողելուն։
Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության նախատեսված այցի նախաշեմին։ Նախորդ մեկ օրում քաղաքն ավելի քան 60 անգամ գնդակոծվել է ուկրաինական անօդաչուներից և հրետանուց։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիե ժամանելուն պես վստահություն էր հայտնել, որ առաքելությունը կարող է իրականացվել անվտանգ։ Էներգոդարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան, սակայն, հայտնել էր, որ քաղաքի շրջանում ուկրաինական դեսանտ է իջեցվել, կրակոցներ կան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։