«Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճն է». քաղաքագետը` Միքայել Արզումանյանի կալանավորման մասին

Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը վաղն էլ այլ մարդկանց է գտնելու և մեղադրելու պատերազմում պարտվելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի կալանավորման դեպքն արտառոց երևույթ չէ, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճն է` բոլորին մեղավոր կարգել, բացի իրենից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Հայտնել էինք, որ այսօր կալանավորվել է Միքայել Արզումանյանը։

«Փաշինյանի աշխատելաոճն է մեղավորներ հռչակել և մանրակրկիտ փաստեր ներկայացնել, թե ով է դավաճան։ Անգամ այդ մանրակրկիտ ներկայացնելն է շատ կասկածելի, քանի որ քննչական կոմիտեն մանրամասն ներկայացնում է այնպիսի բաներ, որոնք սովորաբար չեն հրապարակում»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով` մինչ այս Նիկոլ Փաշինյանն ուրիշներին էր մեղադրում, հիմա նորերին է գտել, վաղն էլուրիշները կլինեն։
Հիշեցնենք` օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ, և նա ազատ արձակվեց, միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։