ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում մահացել է «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Telegram-յան մի շարք ալիքներ հայտնել էին, որ 64-ամյա Մագանովը ինքնասպանություն է գործել` նետվելով Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից, նրա դին հայտնաբերել է հիվանդանոցի բուժանձնակազմը։
Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչը հաստատել է Մագանովի մահվան մասին տեղեկությունը։
«Այո՛, մենք հաստատում ենք, միջադեպի պատճառները պարզելու համար տեղում աշխատում են քննչական մարմինները»,- ասել է ներկայացուցիչը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարն ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել։
Մագանովը ծնվել է 1954 թվականին Թաթարստանի Ալմետևսկ քաղաքում։ 1993 թվականին զբաղեցրել է «Լուկօյլ» ընկերության փոխնախագահի պաշտոնը։ 2020 թվականի հունիսից նախագահում էր տնօրենների խորհուրդը։