Ինչո՞ւ են Երևանում ցրել հակառուսական ցույցը. ՀՀ փոխոստիկանապետի պատասխանը

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյան. Արխիվային լուսանկար
Ֆիդանյանի խոսքով` կային տեղեկություններ, որ հավաքը կարող էր վերածվել լուրջ բախման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած հակառուսական ակցիան ոստիկանությունն ընդհատել է հնարավոր բախումից խուսափելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նշենք, որ ոստիկանությունը հակառուսական ակցիայի մասնակիցներին բերման էր ենթարկել Ազատության հրապարակից և ակցիան ընդհատվել էր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ոստիկանությունից պարզաբանում էր պահանջել ցուցարարներին բերման ենթարկելու առթիվ։
Ֆիդանյանի խոսքով` հավաքի մասին զուտ ծանուցումը չի նշանակում, որ այն հնարավոր է անցկացնել։

«Նույնիսկ «Հավաքների ազատության մասին» օրենքը հստակ սահմանում է հավաքների ազատության սահմանափակումը։ Այնտեղ հստակ նշված է, որ եթե առկա են որոշակի տեղեկություններ կամ հնարավոր է հասարակական կարգի դեմ ուղղված որոշակի գործողություններ, հանրահավաքը չի կայանա։ Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, և արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա են նաև հակառակ տեսակետ ունեցող անձինք, ինչը նշանակում էր, որ չէր բացառվում բախումների հնարավորությունը»,- ասաց նա։

Նրա խոսքով` կային տեղեկություններ, որ հավաքը կարող էր վերածվել ավելի լուրջ բախումների։
«Դրա հետ կապված՝ որոշում էր կայացվել, որ հավաքը պետք է հենց այդ պահին ընդհատվի»,- ասաց փոխոստիկանապետը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ մի խումբ ակտիվիստներ հակառուսական ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակում։ Ինը հոգի բերման էր ենթարկվել, նրանց թվում՝ բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։