Սուրիկ Խաչատրյանից և ևս 5 անձից 19.1 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում բռնագանձել

Խաչատրյանից ու իր մերձավորներից հօգուտ ՀՀ-ի կարող են բռնագանձել բնակարան, առանձնատուն, հասարակական նշանակության օբյեկտ, ակտիվներ և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձից 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` մանրամասնելով, թե ինչ գույքի մասին է խոսքը։
Նշվում է, որ համաձայն դիմումի` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Խաչատրյանից ու իր մերձավորներից հօգուտ Հայաստանի մի քանի անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, հասարակական նշանակության օբյեկտներ, ակտիվներ բռնագանձել։
Մասնավորապես` Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք` առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 530 մլն 135 հազար 900 ՀՀ դրամ։
Դատարանից պահանջում են նաև դադարեցնել նրա մասնակցության իրավունքը թվով 3 ընկերություններում, 614 մլն 544 հազար 139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 մլրդ 410 մլն 63 հազար 523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 մլրդ 450 մլն 350 հազար 364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, ինչպես նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 098 մլն 300 հազար դրամ ներդրման գումարը:
Սա դատարանի կողմից վարույթ ընդունված 13-րդ նման հայցադիմումն է:
Գրանցված չէ. կադաստրի պետի անկեղծությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին