Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին

Լիլիթ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
Նախավերջին տուրում հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, հայ շախմատիստուհիներից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մարիա Գևորգյանի նկատմամբ և բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 7,5 միավոր։
Էլինա Դանիելյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ներկայացուցիչ Գունայ Մամաձադայի հետ։ Դանիելյանը 7 միավորով 7-րդ տեղում է։
Այս տուրում հաղթանակ է տարել նաև Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։
Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով կիսում են 10-21-րդ տեղերը, իսկ Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա առաջատարը Մոնակոն ներկայացնող լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոցկոն է, որն իր ակտիվում 8 միավոր ունի։
Եվրոպայի առաջնության վերջին՝ 11-րդ տուրը, կանցկացվի այսօր՝ օգոստոսի 31-ին։