ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանում ուսումնական վարժանք է իրականացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«ՀԿԵ-ն պետական մի քանի կառույցի հետ համատեղ վարժանք է իրականացրել։ Սցենարով մի քանի տեղ պայթուցիկ նյութերի «մուլյաժներ» են տեղադրված եղել։ Ամեն ինչ եղել է մեր անվտանգության ծառայության աշխատակիցների համար անակնկալ կերպով։ Որոնումների արդյունքում այդ «պայթուցիկները» հայտնաբերվել են։ Արդյունավետ համագործակցություն է եղել և՛ փրկարարական ծառայության, և՛ շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության միջև»,- նշեց Գրձելյանը։
Վարժանքն իրականացվել է վաղ առավոտից և տևել է մոտ երկու ժամ։ ՀԿԵ-ի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Միջոցառումն իրականացվել է Ահաբեկչության դեմ պայքարում համերաշխության օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 3-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։