ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Կիևը ՆԱՏՕ-ի զենքն է կիրառում Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հույս ունենք, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այսօր նախատեսվող այցը ատոմային էլեկտրակայան, կօգնի կանգնեցնել միջուկային աղետ հրահրելու` Ուկրաինայի իշխանությունների ձգտումը և կդադարեցնի միջուկային շանտաժը»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է նաև, որ Եվրամիությանը չեն անհանգստացնում Կիևի կողմից ատոմակայանի գնդակոծման հետևանքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական օդուժը Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ուկրաինական ԱԹՍ է խոցել: Դա, ենթադրաբար, լեհական արտադրության Warmate անօդաչու է։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։