Միխայիլ Գորբաչով. «Ինձ ոչ ոք չի պաշտոնազրկել՝ ես մնում եմ նախագահ»

Միխայիլ Գորբաչովը. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Բավական ճիշտ էր Միխայիլ Գորբաչովը, երբ ասում էր. «64 տարեկանից մինչև 75-ի լրանալը մարդուն կարելի է տարեց անվանել, իսկ հետո սկսվում է ծերությունը. որքան բախտդ բերի, այնքան էլ կձգես»։
Sputnik
Ինքը՝ Գորբաչովը, երկար ապրեց՝ 91 տարի։ Սովետի ղեկավարներից որևէ մեկն այդքան չի ապրել, չնայած, երևի հիշում եք` Կոմունիստական կուսակցության կենտկոմի պոլիտբյուրոն ծերակույտի տպավորություն էր թողնում։ Դրա համար էլ շատ անսպասելի էր, որ 1985 թվականին, երբ մահացավ Կոնստանտին Չեռնենկոն, երկրի ղեկավարներից մեկը՝ Անդրեյ Գրոմիկոն, Գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկեց Գորբաչովի թեկնածությունը։ Ախր նա ընդամենը 54 տարեկան էր։
Իսկ իր քաղաքական կարիերան Միխայիլ Գորբաչովն ավարտեց 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի նախագահի կարգավիճակում։ Ուղիղ 20 տարի անց՝ 2011 թվականին Գորբաչովը կեսկատակ ասել էր. «Ես ինքս եմ դադարեցրել իմ նախագահական գործունեությունը, ինձ ոչ ոք չի ազատել։ Եվ ուրեմն, ես մինչև հիմա նախագահ եմ»։ Ֆորմալ տեսակետից Գորբաչովը միանգամայն արդարացի էր, ուղղակի շատ կոնկրետ հարց է ծագում՝ կներեք, իսկ ո՞ր երկրի նախագահ։ Շատերն ասում են՝ հենց ինքն էլ քանդեց այդ երկիրը։ Սակայն այլ կարծիք էլ կա։
Մի քանի տարի առաջ Օքսֆորդի համալսարանում լսումներ կազմակերպվեցին Սովետի փլուզման և Գորբաչովի դերի մասին։ Մասնակիցներից մեկը՝ պրոֆեսոր Արչի Բրաունը, համոզմունք հայտնեց, որ Գորբաչովը բոլորովին էլ չէր ցանկանում, որ տերությունը քանդվի։ Մեջբերեմ. «Բորիս Ելցինը Խորհրդային Միության փլուզման գործում շատ ավելի մեծ դեր է խաղացել, քան Միխայիլ Գորբաչովը։ Հենց Ելցինն է հայտարարել, որ Ռուսաստանի օրենքները գերակա են խորհրդային օրենքների նկատմամբ։ Ու նա բոլորովին էլ «ժողովրդավարության հայրը» չէր, ինչպես հայտարարում էր։ Գորբաչովը ցանկանում էր, որ Խորհրդային Միությունը պահպանվի, բայց պատրաստ չէր դրա համար ուժ կիրառել։ Այնուամենայնիվ, ուժը կիրառվեց Հայաստանում և Վրաստանում, ինչի արդյունքում ԽՍՀՄ-ն ի վերջո փլուզվեց»,- փաստել է պրոֆեսորը։
Իսկ ռուսաստանցի գրող և հրապարակախոս Անատոլի Ստրելյանին այսպես է նկարագրում Գորբաչովի մտադրությունները. «Նա չէր պատրաստվում խարխլել հիմքերը, ընդամենը նորոգելու մասին էր երազում։ Հավատացած էր, որ սոցիալիզմն այնքան ներուժ ու դրական կողմեր ունի, որ եթե դրանք ճիշտ օգտագործվեն, երկիրը կհաղթահարի բոլոր դժվարությունները։ Մտածում էր՝ Բրեժնևը միայն խոսում էր, իսկ ես իրապես կգործեմ ի շահ սոցիալիզմի»։
Գորբաչովն իրոք ամեն գնով փորձում էր պահպանել սոցիալիզմը։ Երբ մի անգամ նրան հարցրին՝ իսկ արդյոք սահմաններ ունե՞ն ձեր սկսած գլասնոստը և պերեստրոյկան, նա պատասխանեց. «Այո՛, եթե դրանք հակասում են սոցիալիզմի շահերին»։ Համաձայնե՛ք, ամենևին պարզ չէ, իսկ որոնք են սոցիալիզմի շահերը, և ով իրավունք ունի դատելու, որ այսինչ բանը հակասում է սոցիալիզմի շահերին։ Նման բարդ հարցերին Գորբաչովն այսպես էր պատասխանում. «Տվյալ հարցում ես համամիտ եմ Հիսուս Քրիստոսի հետ։ Ուզեք, թե չուզեք, բայց նա առաջին սոցիալիստն էր»։
Ասել, որ Գորբաչովը Ելցինին չէր սիրում, նշանակում է ոչինչ չասել։ Այսպես էր նկարագրում Ելցինի։. «Ամենավատ դավաճանությունն էր ցուցադրում։ Որովհետև մենք նստում, խոսում էինք նրա հետ, ինչ-որ բանի մասին պայմանավորվում։ Հետո նա գնում էր և իմ թիկունքում անում ճիշտ հակառակը։ Նա պարզապես ավանտյուրիստ էր, տաղանդավոր ավանտյուրիստ», -վրդովվում էր Գորբաչովը և ավելացնում. «Մարդիկ ասում են, որ Ելցինին և Գորբաչովին հարկավոր է կախել նույն ծառից։ Կախե՛ք, բայց, խնդրում եմ, գոնե տարբեր ճյուղերից կախեք»։
Այնուամենայնիվ, Գորբաչովը՝ բազմաթիվ հայաստանցի քաղաքական գործիչների նման, մեծ պատրանքներ ուներ և որոշեց մասնակցել նախագահի 1996 թվականի ընտրություններին։ Արդեն ընտրարշավի ընթացքում զգաց, որ հաղթելու շանս չունի, բայց նախընտրական հանդիպումների ժամանակ դեռ փորձում էր կատակել։ Մեջբերեմ. «Ինձնից առաջ ելույթ ունեցած թեկնածուներից մեկն ասաց, որ հաղթելու ընդամենը երեք իրական հավակնորդ կա՝ Ելցինը, Զյուգանովը և Ժիրինովսկին։ Մտածեցի՝ բա ե՞ս ու հիշեցի, որ հայտնի գիրքը կոչվում է «Երեք հրացանակիրները», բայց գլխավորը Դարտանյանն էր»։ Հիշեցնեմ՝ այդ ընտրություններում վերընտրվեց Ելցինը, իսկ Գորբաչովը ստացավ ձայների 1 տոկոսը։
Չեմ ուզում այսօր խորիմաստ գնահատականներ հնչեցնել։ Իհարկե, մենք՝ հայաստանցիներս, մի ժամանակ Ազատության հրապարակում վանկարկում էինք «Լենին, պարտիա, Գորբաչով», բայց չեմ կարող մոռանալ նաև, որ երբ մի անգամ հարցրի ռուսաստանցի գրող Անդրեյ Բիտովին, թե ինչ ուղերձ կհղի Հայաստանի հանրությանը, այսպես պատասխանեց. «Մի՛ ասեք, թե ինչ լավ էր առաջ, հիշե՛ք նաև, թե ինչ վատ էր առաջ»։
Գորբաչովը, Հայաստանը և ոչ միայն