Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը
ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել հայ գերիների վերադարձի հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ։
Միշելը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։
Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է նաև սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:
«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:
ԵՄ նախագահը վերահաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ Բրյուսելում ավարտվեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։
Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին, 2022 թվականի մայիսի 22-ին։