Հրապարակվել են Զապորոժիեի ատոմակայանի մոտ խփված ուկրաինական ԱԹՍ-ի կադրերը

Օգոստոսի 30-31-ի գիշերը ուկրաինական կողմն ավելի քան 60 հրետանային հարված է հասցրել Էներգոդարին։
Sputnik
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ռուս զինվորականներն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել. հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ճանապարհի մոտ՝ ԱԷԿ–ի մուտքի հարակից տարածքում։ Դեպքի վայր ժամանած ՌԴ անվտանգության աշխատակիցների խոսքով` վնասազերծված ԱԹՍ–ն, ենթադրաբար, լեհական արտադրության Warmate անօդաչու թռչող սարք է։
Հաղորդվում է նաև, որ անցած գիշեր ուկրաինական զինված խմբավորումներն ավելի քան 60 հրետանային հարված են հասցրել Էներգոդարին, այդ թվում՝ քաղաքային վարչակազմի շենքին։
Զոհեր և վիրավորներ չկան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։