Համացանցում հայտնվել է ԶԱԷԿ–ում ահաբեկչություն նախապատրաստողների ձերբակալման տեսանյութը

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է զենք և զինամթերք։
Sputnik
Համացանցում հայտնվել է Էներգոդարի ԶԱԷԿ–ում ահաբեկչություն նախապատրաստող ուկրաինացի դիվերսանտների ձերբակալման տեսանյութը։ Այն հրապարակել է ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը։ Տեղեկանում ենք RT–ի Telegram–ալիքից։
Տեսագրության վրա երևում է, ինչպես են ուժայինները մտնում սենյակ, որտեղ գտնվում են դիվերսիոն խմբի մասնակիցները։ Նշվում է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է զենք, զինամթերք։ Մասնավորապես АК-74 ինքնաձիգներ և NLAW նռնականետներ, ինչպես նաև նռնակներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և անօդաչու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ատոմակայանում ահաբեկչություն ծրագրող ուկրաինացի դիվերսանտների խմբի անդամների ձերբակալման մասին։ Նախնական տվյալներով` նրանք պետք է իրականացնեին այն ՄԱԳԱՏԷ–ի պատվիրակության այցի ժամանակ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։