Դիվերսանտները ԶԱԷԿ-ում ահաբեկչություն էին պատրաստում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի ժամանակ

Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Էներգոդարում ձերբակալվել էին մի խումբ ուկրաինացի դիվերսանտներ, նրանք ահաբեկչություն էին նախապատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Էներգոդարում ձերբակալել են մի խումբ ուկրաինացի դիվերսանտների, որոնք Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչական գործողություն էին պատրաստում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Պաշտոնյայի խոսքով՝ հանցագործներից առգրավել են հրաձգային զենք, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և նռնականետեր:
Ռոգովը նաև հստակեցրել է, որ դիվերսանտները, նախնական տվյալներով, ծրագրում էին ահաբեկչություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ ուղևորվող ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի ժամանակ:
«Սա արվում էր, որպեսզի ցույց տային իբր իրավիճակի անկառավարելիությունը, և որ Ռուսաստանը չի կարող ապահովել անվտանգությունը»,- պարզաբանել է նա:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։