Չալաբյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով

Ավետիք Չալաբյան
Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդում և քաղաքական պատվեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Այսօր 12:00-ին նշանակված հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց«Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։
Փաստաբանները բազմիցս նշել են, որ Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդում և քաղաքական պատվեր։