Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։

«Դատարանը որոշեց պաշտպանների բողոքը բավարարել` բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը. Չալաբյանի խափանման միջոց կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց սահմանել գրավը` 15 մլն դրամի չափով։ Գրավը վճարելու ապացույցը ՔԿՀ-ին ներկայացնելուց հետո Չալաբյանն ազատ կարձակվի»,- ասաց դատավորը։

Նա հավելեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
Հավելենք, որ մեղադրող կողմը նախորդ դատական նիստի ժամանակ չէր առարկել պաշտպանների միջնորդությունը` ասելով, որ կալանքից բացի մյուս խափանման միջոցները` գրավը կամ անձնական երաշխավորությունները, կարող են ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։