ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 14-ամյա Միլեն Կարանյանը ձայնի b1 (առաջին օկտավայի սի)-ից մինչև F8 (ութերորդ օկտավայի ֆա) դիապազոնով ընդգրկվել է հայկական «Դյուցազնագրքում»։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտնեց «Դյուցազնագիրք» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը։
14-ամյա հրաշամանուկը 9 համաշխարհային ռեկորդ ունի, հաղթել է միջազգային մրցույթներում, մենահամերգներ է տալիս:
«Դյուցազնագրքում» ներառվում են աշխարհի բոլոր երկրներում ապրող էթնիկ հայերի գրանցած ռեկորդները: Թովմասյանը նշեց` ռեկորդակիրների մասին տեղեկատու գրքում նախկինում հիմնականում հայտնվում էին ուժային վարժություններ կատարող տղամարդիկ, սակայն աստիճանաբար ռեկորդակիրների թիվն ավելացավ, և նրանց թվում շատ աղջիկներ ընդգրկվեցին:
«Մենք ուրախ ենք, որ Միլենը նման տաղանդ ունի, և նրան գրքում ընդգրկել ենք երկու անվանակարգում՝ «Ամենաուժեղ ձայնը» և «9 օկտավա ձայնի միջակայքը»,- ասաց նա:
Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Բեդրոս Կիրկորովն իր հերթին նշեց, որ աղջիկը եզակի տվյալներ ունի, բայց պետք է շարունակի զարգանալ: Նրա համոզմամբ՝ Միլենը կարող է կատարել ցանկացած ստեղծագործություն, բայց պետք է կոմպոզիտոր ու բանաստեղծ գտնի, որոնք երգեր կգրեն հատուկ նրա համար։
«Միլենը պետք է այնպիսի երգեր ունենա, որոնք ցույց կտան նրա բոլոր երգեցողական հնարավորությունները։ Պետք է մանրակրկիտ աշխատի, և հաջողությունը երաշխավորված կլինի»,- վստահեցրեց Կիրկորովը։
Բեդրոս Կիրկորովն ու Միլեն Կարանյանը
© Sputnik / Kirill Kallinikov
Միլենն էլ հայտարարեց, որ պատրաստ է աշխատել, երեք բարձրագույն կրթություն ստանալ՝ երաժշտական, թատերական և մանկավարժական։ Աղջիկը նաև հայտնեց, որ երգել ու ձայնագրել է Յոհան Սեբաստիան Բախի «Տոկկատա և ֆուգա» ստեղծագործությունը։ 2023 թվականին Միլենը ծրագրում է հյուրախաղերի մեկնել։
«Ես մարմնամարզությամբ եմ զբաղվել, կիթառ ու դաշնամուր եմ նվագում, պարերով եմ զբաղվում ու փորձում եմ ամեն ինչին ժամանակ հատկացնել ու զարգանալ։ Իսկ վաղը, ինչպես բոլորը, կգնամ քոլեջ և կփորձեմ ուսումս համատեղել երգչի գործունեության հետ»,-եզրափակեց նա։
Միլեն Կարանյանը ծնվել է Գյումրիում և մինչև 9 տարեկանն ապրել Հայաստանում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Սկսել է երգել 6 տարեկանից և անմիջապես հաղթել է վոկալային մրցույթներում։ Միլենն ի վիճակի է «վերցնել» վոկալիստների համար ամենաբարձր սի կոնտրօկտավայի նոտան (30,87 Հց), այսինքն` բացառիկ ձայնային ռեգիստր ունի՝ բարիտոնից մինչև կոլորատուրային սոպրանո։ Նա միջազգային ժյուրիի ներկայությամբ աշխարհի և Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։