Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի մեղավորության միանշանակ պնդումը տեղին չէ, առավել ևս, որ դատավարություն էլ չի եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 30-ին տեղեկացրեց, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
«Ընդհանրապես լայնածավալ մարտական գործողությունները կրում են համակարգային բնույթ, և որպես կանոն միայն մեկ հոգի պատասխանատու չէ բացթողումների համար։ Հայաստանում հիմա կան երկու իրար հակասող մոտեցումներ։ Մեկը ներկայացնում է ընդդիմությունը` մեղադրելով երկրի քաղաքական իշխանությանը, իսկ մյուս մոտեցումը ներկայացնում է գործող իշխանությունը` մեղքը բարդելով բանակային վերնախավի վրա, բայց երկու մոտեցումներն էլ ծայրահեղ են ու սխալ, որովհետև բոլորն էլ ունեն մեղքի իրենց բաժինը»,- ասաց Հարությունովը։
Քաղաքագետի կարծիքով` Արզումանյանի հետ կապված գործն ունի որոշակի քաղաքական ենթատեքստ, և դա չի վերաբերում միան նրան, այլև մյուս ռազմական բարձրաստիճան գործիչներին, ինչի մասին վկայում է նաև քրեական գործերի տրամաբանությունը։ Ըստ նրա` փորձ է արվում ինչ-որ կերպ պատասխանել այն հարցերին, որոնք ծագել են հասարակության մեջ` կապված կոնկրետ Շուշիի մարտական գործողությունների հետ։
«Եթե ուշադրություն դարձնենք ՔԿ–ի հաղորդագրության բովանդակությանը, խնդիրը ոչ այնքան քրեական գործին է վերաբերում, որքան ռազմական գործողությունների նկարագրությանը, որովհետև հասարակության մեջ Շուշիի մարտական գործողություններն ընկալվում են որպես առեղծված, բայցևայնպես չեմ կարծում, որ ընդդիմությունն իր մոտեցումները կփոխի ՔԿ–ի հաղորդագրության արդյունքում»,- նշեց քաղաքագետը։
Հարությունովի խոսքով` Շուշիի մարտական գործողություններն ունեցել են նախապատմություն, այսինքն` դրանք այնպես են ընթացել, որ ադրբեջանական զինուժն ունեցել է քաղաք ներթափանցելու հնարավորություն, հետևաբար բացթողումները վերաբերում են ոչ միայն Միքայել Արզումանյանին, այլև նրան նախորդած ռազմական գործիչներին, որովհետև մարտական գործողությունները չեն սկսվել հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Հարությունովի պնդմամբ` վաղուց առաջացել է չեզոք կառույցի ձևավորման հարցը, որն ի զորու կլինի համակողմանիորեն ուսումնասիրել ու պարզել պատերազմի պարտության պատճառները։
Հիշեցնենք` Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։ Պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։