ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում այսօր ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 3 ամսական երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 20:30–ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր գլորվել է և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:
Մինչ քննչական խումբն աշխատել է վթարի վայրում, ոստիկանությունը «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ տուժածներից մեկը` 3 ամսական տղան, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և տուժածների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ բոլորը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները: