Տարբեր կայքերից անմաքս առևտուր անելու արտոնյալ ժամկետը շուտով կավարտվի

Առցանց գնումներ. Արխիվային լուսանկար
Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքերից գնումներ իրականացնել և այդ առաքանիները ներմուծել Հայաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումներ անելու արտոնյալ ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Դա նշանակում է, որ քաղաքացիները մինչև հոկտեմբերի 1-ը կարող են տարբեր կայքերից մինչև 200 000 դրամի գնումներ կատարել` առանց մաքսատուրք վճարելու։
Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքերից գնումներ իրականացնել և այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմը նախկին 200 եվրոյի փոխարեն մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200 000 դրամ:

Արտոնության ժամկետը մոտ մեկ ամսից ավարտվում է։ Կսահմանվի արդյոք նոր արտոնություն, կամ կերկարացվի գործող արտոնության ժամկետը, դեռ հայտնի չէ։ Հատկապես, որ ՊԵԿ–ում բացահայտել են ոչ անձնական օգտագործման համար, կոմերցիոն նպատակով մեծաքանակ ներմուծումների դեպքեր, որոնց պատվիրատուներին պարտադրվել է մաքսազերծել առցանց գնված ապրանքը։

ՊԵԿ տվյալներով` 2022թ–ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 1 մլն 243 հազար առաքանի։
ՀՀ–ում առուվաճառքի առցանց հարթակների միջոցով ավելի քան 18 միլիոն դրամ են հափշտակել