Պետական դավաճանության վերաբերյալ որևէ քրգործով արդարացման դատավճիռ չի կայացվել. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազություն
Դատարան ուղարկված պետական դավաճանության վերաբերյալ քրգործերի նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 2020թ. Արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա անդրադարձել է ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերին, թե պետական դավաճանության դեպքերից մեկով անցնող Արթուր Սարդարյանն արդարացվել է։ Աբրահամյանը հերքել է լուրերը և մանրամասնել վերոհիշյալ քրգործով անցնողի կարգավիճակը։
Աբրահամյանի խոսքով` ԱԱԾ-ում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Տղամարդը կալանավորված է, իսկ դատական քննությունը շարունակվում է։ Ավելին, ըստ Աբրահամյանի, դատարանը մերժել է Սարդարյանի պաշտպանի` կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Սակայն հարցն այն է, որ Սարդարյանը նախ մեղադրվել է պետական դավաճանության մեջ, իսկ հետո նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նա այժմ անցնում է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Հավելենք, որ ԱԱԾ–ն քանիցս հայտնել է` մի շարք նախկին և ներկա զինվորականներ օտարերկրյա գործակալների հետ են համագործակցել, նրանց գաղտնի համարվող տեղեկատվություն տրամադրել։