ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ղրղզստանի կառավարությունը «Թվային քոչվորների» մասին դրույթ է ընդունել, որով զգալիորեն հեշտացրել է հանրապետությունում բնակվելու և աշխատելու պայմանները արտասահմանյան ՏՏ մասնագետների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը։
«Կառավարությունն ընդունել է «Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց «Թվային քոչվորի» (Digital nomad) կարգավիճակ տալու ժամանակավոր դրույթի հաստատման մասին» դրույթը, որն առավել նպաստավոր ռեժիմ է տրամադրում Ղրղզստանում աշխատող մասնագետների համար»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ այդ կարգավիճակը մի շարք երկրների քաղաքացիներին թույլ է տալիս Ղրղզստանի տարածքում մնալ առանց բնակության վայրում գրանցման և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, ինչպես նաև հեշտացնում է պետական մարմինների հետ փոխգործակցությունը:
«Թվային քոչվոր» կարգավիճակի հայցորդ կարող են լինել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք գործունեություն են ծավալում թվային տեխնոլոգիաների ոլորտում:
Ղրղզստանի գերատեսչությունն արդեն մշակել և հրապարակել է «Թվային քոչվոր» կարգավիճակ ստանալու հատուկ հրահանգը («գայդը»):