ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։
Այսօր` օգոստոսի 30-ին, Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը»,- ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների մասին տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։
ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։ Հակառակ դեպքում, արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ, արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը, կմնան վերացական:
ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այդ անմարդկային արարքներից: «Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելիության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր է հռչակել 2010 թվականին: