44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

Զոհվածների ծնողները շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Նրանք շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
«Մոտ օրերս լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավորման ժամկետը, և մենք ուզում ենք նրան վերջին շանս տալ փրկելու իր և իր ընտանիքի պատիվը»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը։
Ոստիկանները ծնողներին հորդորեցին դուրս գալ երթևեկելի գոտուց ու բացել ճանապարհը։ Քիչ անց ծնողները բացեցին ճանապարհը։

«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպետք է ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ, որքան հնարավոր է՝ շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքները տալ»։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին