ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների ընտանիքներին և տուժած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծ է մշակել և շրջանառության մեջ դրել: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
«Նախագծով հստակեցվել է շահառուների շրջանակը, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, որոնք հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց հետո կնշենք նաև նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանում:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։