Ստանիսլավսկու անվան թատրոնը 85-րդ թատերաշրջանը կբացի «Բալենու այգին» կատակերգությամբ

«Բալենու այգին»
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Երևանի բերդի տարածքում ներկայացում կբեմադրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին Անտոն Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ, տեղեկությունը հայտնում է ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը։ Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
«Բալենու այգին»
Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ալեքսանդր Ցագարելիի «Խանումա», Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա», Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար», Ալեքսանդր Պուշկինի «Օնեգին» և այլ ներկայացումներ։
Ինչպե՞ս դուրս գալ դժոխային վիճակից. անխոս արվեստի ղեկավարը խոսել է երկրի և թատրոնի մասին
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն, սակայն ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։ Օրինակ` Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Նիկոլայ Գոգոլի։ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։
Իսկ Ալեքսանդր Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատուրգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը: Միաժամանակ, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Սեմ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։
«Բալենու այգին»
Ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում` կկայանա 2 նոր առաջնախաղ. հանդիսատեսի դատին կհանձնվի Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին։
Իսկ մինչև տարեմուտ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի և փոքրիկներին կմատուցվի «Արքայադուստր գորտը» Ամանորի մանկական հեքիաթը։
Դասական գրականություն, «Բալի այգի» և ոչ միայն. ի՞նչ ծրագրեր ունի Ստանիսլավսկու թատրոնը
Աշխատանքային փուլում է նաև 2 թատերական նախագիծ (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)․ մեկը Սոփոկլեսի «Էդիպ արքան» է (համատեղ նախագիծ Մոսկվայում Հունաստանի մշակույթի կենտրոնի հետ), մյուսը՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (համատեղ նախագիծ Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ)։ Վերջինիս ցուցադրությունը տեղի կունենա նախկին Երևանի բերդի տարածքում՝ գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից ամրոցի ազատագրման տարեդարձի տոնակատարության շրջանակում։
Թատրոնի բեմադրությունները կներկայացվեն նաև Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին, ինչպես նաև Մոսկվայի Չեխովյան փառատոնին։
Ի դեպ` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանի ընթացքում թատրոնի թանգարանը կվերազինվի։