ՀՀ զինվորական նվագախումբն ազգային երաժշտություն է նվիրել «Սպասսկայա բաշնյայի» հանդիսատեսին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնում
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը հայկական ժողովրդական երաժշտություն և համաշխարհային դասական երաժշտության գանձարանը համալրած հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ է կատարել Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնի հյուրերի համար հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ է կատարել։ Հայաստանի անկրկնելի ոգին արտացոլել են դհոլն ու դուդուկը, որն անվանում են հայի իմաստուն և տխուր, սիրով և ուրախությամբ լի հոգու ձայնը։ Հոգեցունց ելևէջները հիացրել են հանդիսատեսին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Հայկ Գրիգորյանը, դուդուկն առավել ընդգրկուն է ներկայացնում Հայաստանի մշակույթը։
Նա ընդգծել է, որ նվագախմբի համար մեծ պատիվ է փառատոնին մասնակցելը։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնում
«Սպասսկայա բաշնյան» համաշխարհային մակարդակի փառատոն է։ Յուրաքանչյուր համույթ, որը գոնե մեկ անգամ անցնում է այդ փառատոնով, կարող է հպարտանալ իր փորձով»,- ասել է Գրիգորյանը։
Երաժիշտներն իրենց ելույթի ժամանակ կատարել են նաև «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը` կազմելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, պահպանում ընտանիքն ու պաշտպանում անհաջողություններից։ Այնուհետև նվագախմբի անդամները փառատոնի 15-րդ հոբելյանի առթիվ շարվել ու կազմել են հռոմեական XV թիվը և կատարել Արամ Խաչատրյանի հայտնի «Գայանե» բալետից «Գարուն» ստեղծագործությունը։ Հնչել է նաև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազը»` Մարտին Վարդազարյանի մշակմամբ։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնում
Հայկական համույթի աշխույժ և լիրիկական ելույթը ոչ մեկին անտարբեր չի թողել, հանդիսատեսը պարել է տեղում և նվագախմբին աջակցել ծափերով։ Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչներն առավել ջերմ են ընդունել նվագախմբի մեներգչուհու կատարմամբ Իսահակ Դունաևսկու «Սիրելի մոսկվացիներ» երգը։
«Սպասսկայա բաշնյա» փառատոնն ամեն տարի անցկացվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն տարբեր երկրների զինված ուժերի նվագախմբերի «մենամարտ» է։ Զինվորական, դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության ներդաշնակ համադրություն, զինվորական նվագախմբերի շքերթ ու պարային շոուներ, զենքի ցուցադրություն, լազերային և հրավառության էֆեկտներ. այս ամենը փառատոնը դարձնում է տարվա ամենավառ ու տպավորիչ միջոցառումներից մեկը։