Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ

Զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Զորավարժությունները նախատեսում են զորքերի միջտեսակային և կոալիցիոն միավորումների տարբեր գործողություններ՝ ուղղված ԱՌՕ-ի պատասխանատվության գոտում Ռուսաստանի Դաշնության և դաշնակիցների ռազմական անվտանգության ապահովմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Վոստոկ-2022» ռազմավարական վարժանքներին մասնակցող Հայաստանի զինվորականներն ու այլ օտարերկրյա ներկայացուցիչները ժամանել են Արևելյան ռազմական օկրուգի Սերգեևսկի զորավարժարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։
«Անձնակազմն ուսումնասիրում է տեղանքի և կլիմայական պայմանների այն առանձնահատկությունները, որոնցում պետք է կատարի համատեղ ուսումնական առաջադրանքները», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կոալիցիոն զորամիավորումների կազմում համատեղ գործողություններ կմշակեն կառավարման մարմինների օպերատիվ խմբերը, զորակազմերն ու դիտորդները` ՀԱՊԿ–ի երկրներից, ՇՀԿ–ից և այլ գործընկեր պետություններից, այդ թվում Ադրբեջանից, Ալժիրից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Սիրիայից, Տաջիկստանից։
«Վոստոկ-2022»–ը կանցկացվի սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ 7 զորավարժարաններում` «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե–Վոլկոնսկի», «Լուգանսկոյե», «Սերգեևսկի», «Տելեմբա», «Ուսպենովսկի», ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրային տարածքներում և ափամերձ գոտիներում։
Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն 50 000 զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ և տեխնիկական նավ։