«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հրապարակել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի անիմացիոն տարբերակը` այն, ինչ նախատեսվում է կառուցել Հատիս լեռան վրա։
Հրապարակված տեսանյութում ասվում է, որ լեռան գագաթին տեղադրվելիք արձանին հնարավոր է լինելու հասնել ոչ միայն լեռան լանջին կառուցվելիք 1700 աստիճաններով, այլև ճոպանուղով։
Տեսանյութում առաջին անգամ ներկայացվում է նաև 77.7 մետր բարձրությամբ արձանի իրական տեսքը։
Ի դեպ, նշվում է, որ արձանի կերտման աշխատանքների մեկնարկը տրված է։
«Հիմնադրամը հայտարարում է, որ նախագիծը կյանքի կոչելու վերջին քննարկումներն են ընթանում։ Թույլտվությունից ու փաստաթղթերի ամբողջական կարգավորումից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները, և Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ կառուցվող այս մեգանախագիծը կդառնա մեր երկրի նոր այցեքարտը»,– ասված է տեսանյութում։
Հետաքրքրական է, որ «բարեգործական» նախագծում ներկայացված են նաև բիզնես բաղադրիչներ։ Երևում են հյուրատների մոդելներ, հյուրանոցների կամ ռեստորանային համալիրների պատկերներ, որոնց մասին որևէ մեկնաբանություն չի արվում։ Դրանց մասին արձանի հիմնարկեքի օրը խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը` ասելով, որ լեռան ներքևում լինելու են քոթեջներ, սրճարաններ. «Ինչ որ անհրաժեշտ է, որ մարդիկ գան, հարմարավետ զգան իրենց»։
Տեսանյութում չի մեկնաբանվում նաև աչքի զարնող մեկ այլ բան` Հիսուս Քրիստոսին նվիրված թանգարանում տեղադրված էկրանին Քրիստոսի խոսող պատկերը։
Նշենք, որ թանգարանի գաղափարի մասին ևս Գագիկ Ծառուկյանը խոսել էր նախագծի հիմնարկեքի ժամանակ. «Քրիստոսի հետ կապված թանգարան պետք է լինի, պատմությունը, իր լույս աշխարհ գալը, համբարձվելը, բոլորը պետք է լինի»:
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
Ըստ տեղեկությունների` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան գագաթին գտնվող 9 հողակտոր, որոնք ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
2022 թ.-ի օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան լանջին` Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվող ևս 7 հա հողատարածք։