ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրաքի շիա գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների և իրավապահների միջև Բաղդադի հանրապետական պալատում բախումներ են սկսվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Իրաքի շիա քաղաքական գործչի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի «Կանաչ գոտի» և Իրաքի կառավարության հանրապետական պալատ։
Կառավարությունը հետաձգել է նիստերը, իսկ ցուցարարները կառավարական նստավայրի լողավազանն են մտել։
Աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքել, այսօր հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական գործիչը նաև ակնարկել է, որ իր նկատմամբ կարող է մահափորձ իրականացվել:
Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ Բաղդադի ամբողջ տարածքում պարետային ժամ են սահմանելու, որպեսզի կանխեն հետագա անկարգությունները։
Բաղդադում հուլիսի վերջից վերսկսվել են Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները: Ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք և հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս-Սադրը երկրի դատական իշխանություններին կոչ արեց ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ որոշել արտահերթ ընտրությունների օրը։ Իրաքի բարձրագույն դատական խորհուրդը մերժեց առաջարկը։
Ցույցերը սկսվեցին վարչապետի պաշտոնում Մուհամադ աս-Սուդանի առաջադրումից հետո, որը «Համակարգող պլատֆորմ» դաշինքի թեկնածուն է և խորհրդարանում ներկայացնում է շիական հիմնական կուսակցությունները՝ բացառությամբ աս-Սադրի դաշինքի և նրա կողմնակիցների: