Ապամոնտաժել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամի կառուցած ապօրինի շինությունը

Քնարիկ Հարությունյանը հայտնել է, որ իր ՔՊ–ական գործընկերոջ գործողությունները «շտապողականության և թյուրըմբռնման հետևանք են»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գյումրու Տիգրան Մեծ–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է, տեղեկությունը հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։
«Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու և դադարեցնելու տվյալ աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինության շինարարությունն իրականացրել է Գյումրու ավագանու ՔՊ-ական իր գործընկերը:
Գյումրու Տիգրան Մեծ–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինության ապամոնտաժումը
Նրա խոսքով` իր գործընկերոջ գործողությունները «շտապողականության և թյուրըմբռնման հետևանք են»: Հարությունյանը չի բացահայտել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։