Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին հայտնաբերել են Հրազդանի կիրճում

Ձեռնաշղթա
Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ 2022թ–ի ընթացքում գերատեսչությունը 27 կեղծ ահազանգ է ստացել, որոնց գերակշիռ մասը ստացվել է Երևանի քաղաքապետարանի, ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ տեղեկությունը կեղծ է:
Օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԻՆ–ի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ ահազանգը նույնպես կեղծ է։