«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում մինչև 2022 թվականի վերջերը

Թեհրան
Հանդիպումը նախատեսվում է անկացնել փոխարտգործնախարարների մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, Իրան և Վրաստան) հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։

««3+3» ձևաչափը լավ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների նախաձեռնություններն իրականացնելու և գործողությունները համաձայնեցնելու համար։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում մինչև այս տարվա ավարտը»,- ասել է դեսպանը «Report» գործակալությանը։

Խոսելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքով կապող միջանցքի մասին` դիվանագետը հիշեցրել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել զարգացնելու առկա միջանցքը։
Դեսպանը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել երկաթուղային կապի կառուցման, ինչպես նաև էներգափոխանցող հաղորդակցությունների ստեղծման մասին։
Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են տարածաշրջանի 5 երկրների նախարարների տեղակալները (բացառությամբ Վրաստանի ներկայացուցիչների)։